
Փաշինյանը հաստատեց․ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտված են
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցված լինելու հետ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունները ավարտված են, ինչը, կարծում եմ, կարևոր իրադարձություն է։ Տեքստի հրապարակման հետ կապված, անկեղծ ասած, պրակտիկաներին պետք է նայել։ Ես էլի եմ ասում, մենք այդ տեքստում մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք։ Ըստ էության՝ հոդված-հոդված առանձին այսպես թե այնպես հրապարակվել է։ Չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ։
Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձել է չհամաձայնեցված դրույթներին՝ նշելով, որ դրանցից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն, մյուսը՝ միջազգային ատյաններից փոխադարձաբար հայցերը հետ վերադարձնելուն և միմյանց նկատմամբ գործողություններ չիրականացնելուն։ Չնայած Փաշինյանը նշում է, որ պայմանագիրը փոխզիջումներով է արվել, այնուամենայնիվ երրորդ երկրների ուժերի հետքաշումը կարծես միակողմանի է։ Սա լուրջ հարց է՝ արդյոք Հայաստանը վերահսկում է բանակցային գործընթացը, թե Ադրբեջանն այն օգտագործում է իր շահերին համապատասխան։
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին։ Չնայած՝ ընդհանուր տրամաբանությունն այն է, որ նաև մենք հիմա պետք է այդ հարցերով որոշ մանրուքների հետ կապված էլ քննարկումներ ունենանք։ Այդ երկու դրույթների վերաբերյալ, ինչպես հիշում եք, արդեն բավականին երկար ժամանակ մենք ենք առաջարկ անում, իրենք են առաջարկ անում և, ըստ էության, այդ դրույթներն էլ ոչ մեծ էվոլյուցիա են ապրել։ Այն պահից, երբ ակնհայտ դարձավ, որ մեզ չի հաջողվում և կարծես թե չի հաջողվելու ունենալ իդեալական ձևակերպումներ այդ առումով, մենք նաև Անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել և եկել ենք այն եզրակացության, որ այս պահին առկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել։
Թե ինչ էվոլյուցիաների մասին է խոսում Փաշինյանը, պարզ չէ։ Նա խոսել է միակողմանի հայտարարություններ չանելու մասին, բայց ժամեր առաջ Ադրբեջանը առանց Հայաստանի իմացության՝ այսինքն՝ միակողմանի էր հրապարակել բանակցությունների ավարտված լինելու մասին։
Լրագրողի՝ միջանցք տալու թեմայի վերաբերյալ Փաշինյանը նշեց, որ «այո՛, ճանապարհ տալու ենք, թե ինչպես ենք տալու, ես ձևակերպել եմ իմ վերջին հոդվածում»։
Սահմանադրության փոփոխության հետ կապված քննարկումներ չունենք Ադրբեջանի հետ։ Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի նկատմամբ։ Երկրորդը՝ մենք կարծում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը բոլոր այդ մտահոգությունները լուծում է։
Եթե ադրբեջանական սահմանադրական պահանջները մնում են անփոփոխ, ի՞նչ երաշխիք կա, որ ապագայում Ադրբեջանը չի շահագործի այս պայմանագիրը հօգուտ իր տարածքային նկրտումների։