
Հայաստանի հարևանների արձագանքները Երևանի և Բաքվի խաղաղության համաձայնությանը
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների համաձայնեցումը տարածաշրջանում լայն արձագանք է ստացել։ Հայաստանի հարևան երկրները՝ Իրանը, Վրաստանը և Թուրքիան, տարբեր դիրքորոշումներ են արտահայտել այս հարցի վերաբերյալ։
Իրանի Արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը՝ այն համարելով կարևոր քայլ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային նշել է.
Սա անհրաժեշտ և կարևոր քայլ է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։ Հույս ունենք, որ երկխոսության և դիվանագիտության միջոցով կողմերը կկարողանան վերջնականապես համաձայնության գալ՝ ստորագրելով խաղաղության պայմանագիր, ինչը կնպաստի տարածաշրջանի կայունության ամրապնդմանը։
Վրաստանը ևս ողջունել է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների ավարտը՝ այն որակելով որպես պատմական քայլ։ Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ այն քայլ է դեպի կայուն խաղաղության և տարածաշրջանի կայունության։
Թուրքիան ավելի զուսպ է արձագանքել այս գործընթացին։ Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չագաթայ Քըլըչը նշել է, որ ներկայումս Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ բացման նախադրյալներ չկան։
Ստեղծված իրավիճակում այս հարցը քննարկելու նախադրյալներ չկան։ Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ մեր դիրքորոշումն այս գործընթացի վերաբերյալ հայտնի է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շատ հարցերի լուծման բանալին կլինի,- ասել է Քըլըչը ադրբեջանական APA գործակալությանը։
Նա ընդգծել է, որ Թուրքիայի առաջնահերթությունը Ադրբեջանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունն են, ինչը նաև մեծ ազդեցություն ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա։