ՀայաստանՍպորտ

Հայաստանը 5-րդ մեդալն է նվաճել ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում

Երկու հայ ըմբիշներ Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնությունում նվաճել են բրոնզե մեդալ՝ հաղթելով շվեդ և թուրք մրցակիցներին։ Հայ ըմբիշ Վիգեն Նազարյանը բրոնզե մեդալ նվաճեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Նազարյանը (87 կգ) պետք է գոտեմարտեր շվեդ մարզիկ Համզա Սերչանլիի հետ։ Շվեդ ըմբիշը վնասվածքի պատճառով չկարողացավ գոտեմարտել, արդյունքում՝ Նազարյանը դարձավ բրոնզե մեդալակիր։ Փլեյ-օֆֆ փուլում հայ մարզիկը 10։0 հաշվով հաղթել էր սերբ Միլոշ Պերովիչին։

Բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել է նաև հայ ըմբիշ Արայիկ Թոփալյանը (55 կգ), որը 10:1 հաշվով պարտության մատնեց թուրք ըմբիշ Մեհմեդ Սարփին:

Ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբիշները Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճել էին երեք մեդալ՝ Լևիկ Միքայելյանը (61 գ) ոսկի, Կնյազ Իբոյանը (92 կգ)՝ արծաթ, Խաչատուր Խաչատրյանը (125 կգ)՝ բրոնզ։

Դավիթ Ջոթյանը և Ռազմիկ Կուրդյանը զիջել են մրցակիցներին բրոնզե մեդալի համար գոտեմարտում։ Մարտի 8-ից 14-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվում է մինչև 23 տարեկան ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։