
Հայտնի է, թե մինչև երբ ԵՄ դիտորդները կմնան Հայաստանում
ԵՄ դիտորդական առաքելությունը կշարունակի գործունեությունը Հայաստանի սահմանային գոտիներում մինչև հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարը նշեց, որ ԵՄ դիտորդների մանդատը հստակ սահմանում է նրանց դերը՝ աջակցել սահմանային կայունությանը և խաղաղության գործընթացին։
Նրանց տեղակայումից հետո լայնածավալ էսկալացիաներ չեն եղել, և սա ինչ-որ առումով նրանց արդյունավետ աշխատանքի արդյունք է։ Մենք բարձր ենք գնահատում ԵՄ դիտորդական առաքելության աջակցությունը, և նրանք կմնան Հայաստանում, քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, — ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարի խոսքով՝ երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, վավերացվի և ուժի մեջ մտնի, դա կնշանակի, որ խաղաղությունը հաստատված է։
Այդ պահին ԵՄ մեր գործընկերների հետ պետք է քննարկենք մանդատի հնարավոր փոփոխությունները և հետագա համագործակցության ձևաչափը, – նշեց նա։
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ընդունել է Ադրբեջանի առաջարկները երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ, ինչի արդյունքում համաձայնագրի նախագիծն ամբողջությամբ պատրաստ է ստորագրման։
Հիշեցնենք, որ Եվրամիության երկրների դեսպանները հունվարին Բրյուսելում հավանություն էին տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը։ Դրանով ԵՄ-ի դիտորդները Հայաստանի սահմանամերձ շրջաններում կմնան ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։
Խաղաղության պայմանագիրը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված հարցերը վերաբերում էին միմյանց նկատմամբ միջազգային դատարաններում հայցերից հրաժարվելուն, այլ երկրների ներկայացուցիչներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին չտեղակայելուն։
ՀՀ-ն հայտարարել է, որ պատրաստ է քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետներն ու վայրը։