ՀայաստանՊատահար

Հերթական դեպքը «Երեխաների տուն» մանկատանը․ հայտնաբերվել է երեխայի մարմին

Մարտի 15-ին Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը հայտնաբերվել է 13-ամյա աղջնակի մարմին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մահացածը մանկատան սաներից մեկն է եղել։ Տնօրենը հրաժարվեց մանրամասներ հայտնել։ Ոստիկանության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը նշեց, որ իրենք էլ նմանատիպ հաղորդում են ստացել և կազմված փաստաթղթերը ուղարկվել են քննչական կոմիտե։ Այստեղից էլ կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը նշեց, որ փորձում են տեղեկատվությունը ճշտել։ Նա խոստացավ ստանալուն պես կապվել amnews-ի հետ։

Մանրամասները՝ ավելի ուշ։

Հիշեցնենք, որ սա «Երեխաների տուն» մանկատան վերաբերյալ առաջին նմանատիպ գործը չէ։ 2024 թվականին մանկատան դայակին և բուժքրոջը մեղադրանք է ներկայացվել՝ Անօգնական երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար։

Բացի այդ 2024 թվականի դեկտեմբերին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել էին Գյումրու «Երեխաների տուն» հաստատություն, որտեղ հայտնաբերել էին մի շարք խախտումներ։ Այցի ընթացքում պարզվել են, որ կոմունալ ու սանիտարահիգիենիկ պայմանները, հագուստը, սնունդը, դեղերը և այլ պարագաներ չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին։ Հայտնաբերվել էին նույնիսկ ժամկետնանց դեղեր։