ԱրցախՍոցիալական

Արցախից բռնի տեղահանվածներից ավելի քան 21․800–ն աշխատում են Հայաստանում

2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ավելի քան 21․800 Արցախից բռնի տեղահանված անձանց հաջողվել է աշխատանք գտնել Հայաստանում։ Սրա մասին հայտնել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը՝ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Ըստ նրա, 4600-ից ավելի տեղահանվածներ գրանցվել են որպես ինքնազբաղված կամ դարձել են կազմակերպության հիմնադիրներ։ Նա նշել է, որ 2024 թվականին հաստատվել է հատուկ զբաղվածության ծրագիր, որը նախատեսված է բացառապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։ Ծրագրի մեկնարկից՝ այս տարվա հունվարից, արդեն 1800 անձ հաջողությամբ աշխատանքի է անցել, իսկ ծրագրի շահառուների թիվն այս պահին գերազանցում է 2180-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանվել է 115 365 մարդ։ Նշենք նաև, որ 2025 թվականի հունվարից մինչև մարտ ժամանակահատվածում Հայաստանի Կառավարությունից արցախցիները ստանում էին 50․000 հազար դրամ սոցիալական աջակցություն՝ բնակարանի վարձակալության և կոմունալ ծառայությունների ծախսերի համար։ Ապրիլից հունիս ամիսը ներառյալ աջակցության չափը կկազմի 40,000 դրամ, հուլիսից մինչև տարեվերջ գումարը կդառնա 30․000 դրամ։