ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանը 7,5 միլիոն դրամ է ծախսել թուրքական ԶԼՄ-ների լրագրողների այցի համար

Հայաստանում կազմակերպված թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների եռօրյա մեդիատուրը արժեցել է 7,5 միլիոն դրամ։ Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցմամբ՝ գումարը ծախսվել է տեղափոխման, կեցության և սննդի վրա, լրատվամիջոցների ներկայացուցիչներին հոնորար կամ օրապահիկ չի տրամադրվել։

Մեդիատուրի ընթացքում հյուրերը գիշերել են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանի խոսքով՝ հրավիրվել են թուրքական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ պետական, ընդդիմադիր և հայալեզու «Ակոս» թերթի լրագրողը։

Այցի նպատակն էր Թուրքիայի հանրությանը ներկայացնել Հայաստանի դիրքորոշումները՝ տարածաշրջանային կայունության ու հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։ Մեդիատուրի շրջանակում հարցազրույց էր տվել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։