
Ակներ և Վերիշեն բնակավայրերի համար ջրամբար կկառուցվի
Սյունիքի Ակներ ու Վերիշեն բնակավայրերի համար կկառուցվի 10 հազար խորանարդ մետր տարողությամբ ջրամբար։ Նախագծման աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Նշվում է, որ ռազմավարական այս նախաձեռնությունը հատկապես կարևորվում է ջրային պաշարների արդյունավետ բաշխման տեսանկյունից:
Ըստ ծրագրի, ջրամբարի ջրային պաշարների 70%-ը կուղղվի Ակների դաշտերի ոռոգման խնդիրների լուծմանը, իսկ 30%-ը՝ Վերիշենի համայնքի ջրամատակարարման և ոռոգման ապահովմանը։ Սրա միջոցով Ակներում՝ Վարարակ գետի ձախակողմյան հատվածում, տարածքը հիմնականում ջրազուրկ է եղել։ Նմանատիպ խնդիրներ են եղել նաև Վերիշենում։ Ջրամբարները պետք է լուծեն այդ խնդիրը և զարգացնեն գյուղատնտեսությունը այդ հատվածում։
Նշվում է նաև, որ առաջիկայում նախատեսվում է նաև Ակների և Վերիշենի ջրագծերի վերակառուցման աշխատանքների իրականացում: Արդեն իսկ Վերիշենի ջրագծի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ ՄԱԿ-ի Պարենի ծրագրի աջակցությամբ: Ակների ջրագծի վերակառուցման աշխատանքները նույնպես շուտով կմեկնարկեն:
Հիշեցնենք, որ ջրամբար է կառուցվել նաև Խնձորեսկ գյուղում։