ՀայաստանՍպորտ

Անդրկովկասյան դերբիին ընդառաջ․ ի՞նչ տրամադրությամբ են հավաքականները մոտենում խաղին

Մարտի 20-ին, ժամը 21:00-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը նշել է, որ Վրաստանի հավաքականը վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցել, և սպասվող հանդիպումը մեծ մարտահրավեր է թիմի համար։ Նա ընդգծել է, որ ուշադրություն է դարձնում Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղացողներին և կարևորում է հայ ֆուտբոլիստների մասնակցությունն առաջնությանը։

Հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանի կարծիքով՝ թիմում մթնոլորտը դրական է, և մարզիչն արդեն փոխանցել է իր գաղափարները։ Նա հիշել է նախորդ հանդիպումները Վրաստանի հետ՝ հավելելով, որ թիմը պատրաստ է պայքարի։

Վրաստանի հավաքականի ավագ Օթար Կիտեիշվիլին էլ հայտարարել է, որ Հայաստանը ուժեղ մրցակից է, որն ամբողջ նվիրումով է խաղում։ Վրաստանի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը բարդ ու թեժ հանդիպում է սպասում, որտեղ Հայաստանի ընտրանին կփորձի օգտագործել հակագրոհները։

Հիշեցնենք, որ հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի համար այս հանդիպումը առաջինն է լինելու հավաքականի ղեկին։