
Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Կառավարության այսօրվա՝ մարտի 20-ի նիստում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակվեց Արթուր Նահապետյանը: Նա պաշտոնը կզբաղեցնի 6 տարի ժամկետով՝ համաձայն «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2024 թվականի նոյեմբերի 20-ին կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի դիմումը Կառավարության կողմից հաստատվելուց հետո պաշտոնը թափուր էր մնացել: Նա ազատվել էր աշխատանքից՝ Փաշինյանի SMS-ը ստանալուց հետո։
Հայտարարվել էր մրցույթ, և 5 թեկնածուից 3-ը՝ Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը, հաղթահարել էին միավորների շեմը: Առավելագույն միավոր ստացած թեկնածուները ներկայացվել էին Կառավարության քննարկմանը: Այդ մասին Կառավարության՝ մարտի 20-ի նիստին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Հարկ է նշել նաև, որ դեռևս մարտի 17-ին Փաշինյանը Հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում որպես թեկնածու է առաջադրել Արթուր Նահապետյանին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ զրուցել է մրցույթի մասնակիցների հետ և որոշել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրել Արթուր Նահապետյանին: Փաշինյանը նաև նշել է, որ նույն կարծիքն է հայտնել նաև խորհուրդը:
Նշենք, որ Նահապետյանը 2011 թվականից աշխատում է տարբեր ուժային կառույցներում։ 2023 թվականի մարտի 17-ին նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր: Նահապետյանն ընդամենը երկու ամիս է, ինչ Քննական կոմիտեի նախագահի տեղակալն է: