ՀայաստանՔաղաքականություն

Հայաստան-Թուրքիա սահմանը 10 օրով կբացվի

Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող «Մարգարա» անցակետը մարտի 21-ից 31-ը կբացվի՝ Հայաստանի կողմից Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնության բեռները Թուրքիայի տարածքով տեղափոխելու համար։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հերթական նիստում։ Մինչ այս՝ Հայաստանը Սիրիա բեռներ է ուղարկել օդային ճանապարհով, երբեմն Ռուսաստանի տարածքով, երբեմն էլ՝ Եվրոպայի։

Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Սիրիայի համապատասխան գերատեսչությունների միջև աշխատանքային հանդիպումների արդյունքում քննարկվել է հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը։

Հիշեցնենք, որ Սիրիայի նորանշանակ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում էր եղել դեռևս 2025 թվականի փետրվարին։ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Դամասկոսում Սիրիայի արտգործնախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Երևանը պատրաստ է աջակցել հումանիտար և բարեփոխումների իրականացման ոլորտում։

Հիշեցնենք, որ սա Մարգարայի կամրջի բացման երկրորդ դեպքն է՝ հումանիտար բեռներ տեղափոխելու պատճառով։ 2023 թվականին այն բացվել էր՝ երկրաշարժից տուժած Թուրքիային 100 տոննա օգնություն ուղարկելու համար։