
Արմավիրի մարզի վթարային շենքերը կքանդվեն
Մարտի 20-ի կառավարության որոշմամբ՝ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղ գյուղի 4-րդ փողոցի N 1 և N 3 բազմաբնակարան վթարային շենքերը կքանդվեն։ Բնակիչները կստանան բնակարան ձեռք բերելու համար բնակարանի գնման կամ անհատական տուն բնակելի տուն կառուցելու վկայագրեր։ Պետությունը նրանց ֆինասնական աջակցություն կտրամադրի։
Նշված շենքերը վթարային են և գտնվում են ծայրահեղ վատ վիճակում։ Փլուզման վտանգ ներկայացնող այդ շենքերում բնակվում է 22 ընտանիք։ 2 շենքում ապրում է մոտ 30 մանկահասակ և դպրոցահասակ երեխա: Բնակիչների մեծ մասը նպաստառուներ են:
Տրամադրվող վկայագրերում նշվող ֆինանսական աջակցության չափը կազմում է 1-սենյականոց բնակարանի համար` 7 մլն դրամ, 2-սենյականոց բնակարանի համար` 8.5 մլն դրամ։
Այս խնդրի մասին Լենուղի բնակիչները բազմիցս ահազանգել են։ 2019 թվականից Արմավիրի մարզի Լենուղի գյուղի վթարային շենքի բնակիչները Կառավարության շենքի առջև բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով իրենց կացարան հատկացնել: 2015 թվականին վթարային շենքերից մեկի 8 բնակիչներին 6 մլն 600 հազար դրամ փոխհատուցում է հատկացվել, մյուս երկու շենքերի փոխհատուցումը խոստացել են եռամսյակը մեկ հատկացնել: