
Պատմության մեջ ապրող գյուղը․ Գիշիի անցյալն ու ներկան
Գիշի գյուղը Արցախի Մարտունու շրջանի գյուղերից է։ Այն գտնվում էր Մարտունու շրջկենտրոնից 11 կմ արևմուտք, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 41 կմ հեռավորության վրա։ Գյուղը ունեցել է շուրջ 1300 բնակիչ։ Գյուղի բնակիչներից է Նելսոն Ավանեսյանը, ով 2023 թվականի բռնի տեղահանումից հետո ապրում է ՀաJաստանում։ Նա մասնագիտությամբ լրագրող է, Արցախում զբաղվել է նաև գյուղատնտեսությամբ և ստեղծագործել է։
Պարոն Նելսոնը պատմում է, որ Գիշին շատ հին գյուղ է։
Գիշիում պեղումներ են կատարվել և հայտնաբերվել են մեր թվարկությունից առաջ կառուցված գերեզմաններ։ Գյուղի անվան հետ կապված մի քանի վարկածներ կան. ըստ առաջին վարկածի՝ Պարսկաստանում եղել է Գիշ անունով բնակավայր, որտեղից տեղահանվածները հիմնադրել են մեր գյուղը՝ տալով նույն անունը։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Գիշի բառը առաջացել է «գինեշատ» բառից, քանի որ գյուղը հայտնի էր իր խաղողի այգիներով և գինեգործությամբ։ Երրորդ վարկածով՝ նախնադարում երկու ցեղեր ապրել են լեռան տարբեր կողմերում՝ մեկը ճորտեր են եղել, մյուսը՝ ազնվականներ, որոնցից վերջինն էլ ստացել է «Գիշ» անվանումը։
Փաստեր չկան, բայց գյուղի պատմությունն այս վարկածների շուրջ է հյուսվում։

Տասնամյակներ շարունակ Գիշին պահպանել էր իր բնակչության թվաքանակը։ Կայուն գյուղ է եղել։
Ճիշտ է արցախյան պատերազմների հետևանքով ունեցել ենք 60 զոհ, սակայն արտագաղթներ չեն եղել։ Մեր գյուղը շատ բարեկարգված գյուղ է, ունի մշակույթի տուն, նորակառույց դպրոց, մանկապարտեզ, հանդիսությունների սրահ։
Նելսոն Ավանեսյանի մանկությունն անցել է Գիշիում, սակայն դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վանաձորում։ Գյուղի հետ կապը երբեք չի խզել` հաճախ վերադառնալով։
Ուսանող տարիներին Ղարաբաղ կոմիտեի անդամ էի, ակտիվ մասնակցում էի Ղարաբաղյան շարժմանը։ Նախատեսում էի դասախոս դառնալ, բայց գրչիս հավատարիմ մնացի ու վերադարձա Արցախ՝ աշխատելու «Աշխատանք» թերթի գյուղատնտեսության բաժնում։ Հետագայում եղել եմ տարբեր թերթերի գլխավոր խմբագիր։ Մասնակցել եմ արցախյան պատերազմին (1991-1994 թվական)։ Այդ ժամանակ Մոնթե Մելքոնյանը մեր մարտական ընկերն էր, նրա հրամանով նշանակվեցի «Ամարաս» թերթի խմբագիր։ — պատմում է նա։
Որպես լրագրող Պարոն Նելսոնի բազմաթիվ հոդվածները գյուղից են ծնվել և գյուղի մասին են եղել։ Աշխատանքային շաբաթվա ավարտին, երբ մյուսները շտապում էին հանգստանալ, նա գնում էր գյուղում աշխատելու։ Կիրակնօրյա լռությունը խախտվում էր, երբ հայրը առավոտյան շուտ արթնացնում էր իրենց ու ուղարկում կոլտնտեսություն։ Հավերի կերակրման, խաղողայգիների մշակման, շերամապահության գործը դարձել էր առօրյա կյանքի անբաժան մասը։ Այս աշխատանքը ոչ միայն գյուղի տնտեսության կարևոր մասն էր, այլև պարոն Նելսոնի հիշողությունների անբաժան մասը։
Մինչև հիմա աչքերիս առաջ է այդ ամենը, կարոտով եմ հիշում այդ օրերը։
2023 թվականի սեպտեմբերյան պատերազմը մեծ ցավ բերեց ողջ Արցախի համար։ Պարոն Նելսոնը այդ օրերին գտնվել է Հարավ գյուղում։
Ստեփանակերտը անընդհատ հրետակոծվում էր։ Ուտելիքը քիչ էր և թանկ, բայց ես փոքրիկ այգի էի մշակում, իմ ունեցած մթերքը նաև բաժանում էի մարդկանց։ Սեպտեմբերի 19-ին պատրաստվում էի գնալ Գիշի, բայց դեռ աղջկաս տանն էի, երբ արկը պայթեց մեզանից մի քանի մետր հեռավորության վրա։ Կռիվը տևեց 2օր, մեր գյուղից ևս զոհեր ունեցանք։ Երկու օր անց՝ սեպտեմբերի 22-ին առավոտյան լուրը տարածվեց, որ պետք է լքենք Արցախը։
Հրաժեշտի պահը ծանր էր։ Երբ անցավ Հակարիի կամուրջը, Նելսոն Ավանեսյանը կանգ առավ, նայեց վերջին անգամ ու լուսանկարեց իր հայրենիքը։ Այդ կադրը դարձել է ցավոտ հիշողության մի մասը։ Չնայած ծնունդով Արցախից լինելուն, նա միշտ կապված է եղել Հայաստանի հետ և յուրահատուկ հարազատություն է զգացել Հայաստանի հանդեպ։
Ես թաքուն իմ Հայաստանն էի սիրում։ Հայաստանի ամեն անկյուն գեղեցիկ է ինձ համար։ Խորհրդային տարիներին Արցախը կտրված էր Հայաստանից, ու մեր փրկությունը դպրոցում հայերեն սովորելն էր, հակառակ դեպքում դժվար կլիներ հայ մնալը։ Ես նախանձում էի Հայաստանում ապրող հային, միշտ երազում էի դպրոցն ավարտելուց հետո գնալ Հայաստան։

Եվ հիմա, երբ Նելսոն Ավանեսյանը հեռու է իր գյուղից, հիշողությունները շարունակում են ապրել նրա մտքում։ Գիշին իր ծառերով, խաղողի այգիներով, գյուղական առօրյայով, հայրենասիրությամբ դարձավ ոչ միայն նրա պատմության մի մասը, այլև նրա հոգու անբաժան մասը։
Այժմ Գիշին մնացել է անցյալում։ Գյուղը դատարկվեց, մարդիկ ցրվեցին, բայց հիշողությունները դեռ վառ են։ Անցյալի հետքերը մնում են լուսանկարներում, հուշերում և հատկապես պատմություններում, որոնք շարունակվելու են գրվել և ներկայացնել մեր կյանքի կարևոր էջերը։