
Գինեգործություն․ Ընտանեկան ավանդույթից մինչև բիզնեսի զարգացում
Հայաստանը հանդիսանում է գինեգործության հնագույն կենտրոններից մեկը։ Այստեղ գինի պատրաստել են դեռևս 6000 տարի առաջ։ Ներկայումս գինեգործությունը վերելք է ապրում, տեղական ավելի քան 55 ընկերություններ արտադրում են ավելի քան 100 տեսակ գինի, իսկ ամեն տարի արտադրվում է մոտավորապես 6 միլիոն շիշ գինի։ Հայաստանում ներկայումս գործունեություն ծավալող ընկերության հիմնադիրներից մեկն էլ Սամվել Մաչանյանն է։
Սամվել Մաչանյանը գինեգործությամբ զբաղվում է վաղ տարիքից։ Պատմում է, որ այն իրենց ընտանիքում հին ավանդույթ է եղել, իր պապերը ևս զբաղվել են գինեգործությամբ։
Սամվել Մաչանյանը մասնակցում է գինու արտադրության բոլոր գործընթացներին։ Նա նկարագրեց գինու պատրաստման ողջ գործընթացը՝ խաղողի խնամքից մինչև շշալցում։
Մարտ ամսին խաղողի էտման շրջանն է, որը շատ կարևոր գործընթաց է։ Էտումից հետո շատ հետաքրքիր փուլ է տեղի ունենում այգիներում, որը կոչվում է «խաղողի լաց», խաղողը սկսում է արմատներով աշխատել, հողից վերցնում է ջուր, սննդանյութեր և կտրվածքներից սկսում է ջուրը կաթել, դրա համար էլ կոչվում է խաղողի լաց։ Հաջորդ փուլում խաղողը սկսում է «աչքերը բացել»: Խաղողի հասունացման փուլում (օգոստոս-սեպտեմբեր ամիսներին) սկսվում է բերքահավաքը և տևում մինչև հոկտեմբերի վերջ

Գինու պատրաստման համար խաղողը ձեռքով մշակվում է, մաքրվում և տեսակավորվում։ Խաղողի կյանքը մահանում է, և ծնվում է գինին։ Այդ գործընթը տևում է 30-40 օր, երբ խմորիչները խաղողահյութի մեջ առկա շաքարը վերափոխում են ալկոհոլի։ Ձևավորվում են գինու համային շղթաները։ Մայիսից սկսվում է գինիների շշալցումը։
Սամվելը պատմեց իր գինու ընկերության ստեղծման մասին։
2013 թվականին որոշեցինք մեր գինիները հասանելի դարձնել բոլորի համար, 2016 թվականից արդեն ներկայացրինք մեր արտադրանքը՝ Allurian։ Գինիները արտադվում են վայրի խմորումով առանց կոմերցիոն խմորիչների և ծծումբի օգտագործման։
Alluria-ն բնական գինիներ արտադրող առաջին ընկերությունն է Հայաստանում։
Մենք օգտագործում ենք միայն Արմավիրի տարածաշրջանին բնորոշ հայկական խաղողի սորտեր՝ հաղթանակ, մինախ և ալյուր դրենի, իսկ սպիտակ խաղեղներից՝ Ոսկեհատ և Կանգուն,-նշում է Սամվել Մաչանյանը։
Բնական գինիների արտադրությունը ունի որոշակի դժվարություններ։
Քանի որ որոշ նյութեր չեն օգտագործվում բնական գինիներ պատրաստելիս, վտանգը մեծ է, որ այն կարող է փչանալ, բայց դրանք օգտագործվում են այլ նպատակներով․ այդ գինիները թորում ենք և ստանում ենք օղի։
Alluria-ն զբաղվում է գինու տուրիզմով․ կազմակերպվում են այցելություններ գործարանում, գինու համտես, նաև իրականացվում են առանձին միջոցառումներ։ Միջազգային հարթակներում Alluria-ն ակտիվորեն մասնակցում է տարբեր երկրներում անցկացվող ցուցահանդեսների՝ ներկայացնելով հայկական գինիների տեսականին։

Սամվել Մաչանյանը կարծում է, որ Հայաստանում գինեգործությունը զարգացում է ապրում և բավականին մեծ հեռանկարներ ունի։