ՀայաստանՍոցիալական

1965 թվականին Վարդաշենում կառուցված հանրակացարանի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշենի հանրակացարանի բնակիչները այսօր՝ մարտի 24-ին, բողոքի ակցիա են կազմակերպել Երևանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով հանդիպում քաղաքային իշխանությունների հետ։ Նշենք, որ Վարդաշեն թաղամասի հանրակացարանային շենքերը 4-րդ կարգի վթարային են։ Բողոքի ցույցին հիմնականում մասնակցել են 68ա և 66/1 շենքերի բնակիչները։ Նրանք նշել են, որ շենքերը փլուզման վտանգի տակ են, բացի այդ՝ կոյուղու խողովակներն էլ վնասված են, կեղտաջրերը լցվում են շենքի նկուղային հարկը։

Որոշ ժամանակ սպասելուց հետո նրանք փակել են ճանապարհը։ Քաղաքապետարանի արձագանքից հետո նրանք դադարեցրել են գործողությունները։ Քաղաքապետարանից հայտնել են, որ պատրաստ են հանդիպել բնակիչների հետ՝ յուրաքանչյուր շենքից 3 ներկայացուցիչ:

Մարտի 19-ին նույնպես վարդաշենցիները բողոքի ակցիա էին կազմակերպել։ Այդ ժամանակ էլ բնակիչների հետ հանդիպելու էր գնացել Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության պետի տեղակալ Կարեն Մարգարյանը։ Նա նշել էր, որ երկու հանրակացարաններն էլ պիտի քանդվեն և այդտեղի բնակիչներին վերաբնակեցնելու համար մեծ ֆինանսական միջոցներ պետք կգան։ Կառավարությունը այդ ուղղությամբ աշխատում է։

2020 թվականին նույնիսկ քարաթափում էր եղել, որից տուժել էին շենքի բնակիչները։ Բողոքի ակցիաները ավելի վաղ էին սկսվել՝ դեռևս 2013 թվականից։ Միմյանց հաջորդող քաղաքապետերը՝ իրենց խոստումներով գալիս և գնում են, բայց բնակիչների կենսապայմանները չի բարելավվում։ Նշենք, որ այդ հանրակացարանները կառուցվել են 1965 թվականին։ Քանդված պատշգամբների տակ, սակայն, կառավարության աջակցությամբ կառուցված խաղահրապարակն է։

Նույն իրավիճակն էր նաև Արմավիրի մարզի Լենուղ գյուղում, որտեղ գտնվող վթարային շենքերը մարտի 20-ի կառավարության որոշմամբ կքանդվեն։