
Արազ Օզբիլիսը ՀՖՖ-ին մեղադրել է հայկական ֆուտբոլը ոչնչացնելու մեջ
Հայաստանի հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկու հանդիպումներում էլ պարտվել է Վրաստանի ընտրանուն (ընդհանուր՝ 1:9 հաշվով): Մինչև հավաքականների հանդիպումները ՖԱՖ-ն ու հայ ֆուտբոլասերները դժգոհություն էին հայտնում ֆեդերացիայի կատարած աշխատանքից։ Նրանք պահանջում են ֆեդերացիայի հրաժարականը։
Վրաստանի հավաքականից կրած պարտություններից հետո երկրպագուների կողմից ֆեդերացիայի նկատմամվ վերաբերմունքը ավելի է վատթարացել։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի տնօրեն Արազ Օզբիլիսը տեսաուղերձով նշել է, որ ներկայից ղեկավարությունը քանդում է հայկական ֆուտբոլը։
Մեկ տարի երեք ամիս առաջ ես առաջադրեցի իմ թեկնածությունը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության համար՝ իմանալով, որ նույնիսկ 1 տոկոս շանս չունեմ։ Ես երկար ժամանակ լռեցի, բայց հիմա չեմ լռելու, քանի որ դուք քանդում եք մեր ֆուտբոլը։ Այն ժամանակ ինձ ասացին, որ Օզբիլիսը կառավարման փորձ չունի, բայց հենց այս ոլորտում ես ամեն անգամ ձախողվում։
Նա նշեց, որ «բոլորին պարզ է, որ դուք ոչինչ չեք հասկանում ֆուտբոլից, ֆուտբոլային խաղից, բայց չեք հասկանում նաև մենեջմենթ, ձախողվել եք կառավարման, կազմակերպչական, իրավական, ֆինանսական և տեղեկատվական հարցերում»։
Վրաստանի դեմ արտագնա հանդիպումից հետո ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներողություն է խնդրել․
Մենք ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքների համար: Սակայն երկար զրույցներից հետո մենք խոստանում ենք առաջ շարժվել՝ անկախ ֆուտբոլի նկատմամբ առկա բացասական վերաբերմունքից: Մենք պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, լուծել ներքին խնդիրները և հունիսին ներկայանալ բոլորովին այլ մակարդակով: Մեր նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի սեպտեմբերին՝ աշխարհի առաջնության որակավորման փուլում, հանդես գանք լավ պատրաստված և մարտունակ թիմով:
Թբիլիսում Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպման ավարտից հետո վրացի երկրպագուների հայերի ուղղությամբ տարբեր իրեր և առարկաներ են սկսել նետել, ինչն էլ հակասական տրամադրություններ է առաջացրել: Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներողություն է խնդրել։ Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ևս ներողություն է խնդրել Հայաստանից իրենց մի քանի տասնյակ երկրպագուների հիմար ու սխալ պահվածքի համար։ Այս պահվածքից հետո ՈւԵՖԱ-ն կարող է պատժել Վրաստանի ընտրանուն։