
Արաքս գետի վրա կարող է ևս մեկ կամուրջ կառուցվել
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են Արաքս գետի վրա ևս մեկ կամուրջ կառուցել՝ բեռնափոխադրումները հեշտացնելու համար։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը ողջունում է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը։ Իրանի արտգորնախարարը հայտարարել է, որ երկու երկրների միջև դինամիկ զարգացում է արձանագրվում հատկապես զբոսաշրջության և մշակութային ոլորտներում, ինչպես նաև առևտրի մեջ ու տնտեսական ծրագրերում։
Մենք պայմանավորվել ենք երկու երկրների հարաբերություններում առավելագույն օգտագործենք այն պոտենցիալը, որը կա։ Հայաստանը և Իրանը պատրաստ են պայմաններ ստեղծել տրանզիտների և բեռնափոխադրումների ոլորտում։ Իրանը պատրաստ է Հայաստանի հետ պայմաններ ստեղծել տարանցիկ ոլորտում` դեպի Սև ծով, Պարսից ծոց և Հնդկաստան իրականական բեռնափոխադրումներն իրականացնելը հեշտացնելու համար։ Արաքս գետի վրա նոր կամուրջ կառուցելն էլ ավելի կդյուրացնի բեռնափոխադրումները, — նշել է Աբբաս Արաղչին։
Հայաստան-Իրան սահմանին դիզվառելիքի թանկացման հարցը նույնպես քննարկվել է։ Արաղչիի խոսքով՝ «վարորդների և բեռնատարների համար ճանապարհները հեշտ պետք է լինեն, ծախսերն էլ պետք է կրճատվեն՝ բեռնափոխադրումները ավելացնելու համար»։
Մոտավորապես ունենք բանաձև, որը երկու երկրների բեռնափոխադրողների և վարորդների համար որոշակի պարզեցումներ կառաջարկի։ Առաջիկայում կվերջնականացվեն աշխատանքները, և, ուզում եմ ասել, որ մոտ ենք վերջնականացմանը, — նշել է Արարատ Միրզոյանը։
Արտգործնախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ իրենք հարգում են յուրաքանչյու երկրի տարածքային ամբողջականությունը։
Հիշեցնենք, որ Արաքս գետի վրա նոր կամուրջ կառուցելու մասին հայտարարությունները տարածվել էին դեռևս 2023 թվականին։ Հայաստանի և Իրանի միջև սահմանային կամուրջը կառուցվել է 1995 թվականին։