ՀայաստանՍոցիալական

Էկոպարեկների ընտանիքիների անդամները դրամական աջակցություն կստանան՝ նրանց զոհվելու դեպքում

ՀՀ կառավարության կողմից առաջարկվող նոր օրենսդրական փոփոխությունը նախատեսում է էկոպարեկային ծառայողների համար սոցիալական երաշխիքներ սահմանել՝ որպես դրամական օգնություն: Սա ենթադրում է, որ ծառայողները, ովքեր իրականացնում են բնապահպանական իրավախախտումների կանխարգելման գործառույթներ, կստանան ֆինանսական աջակցություն, եթե նրանց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգների պատճառով նրանք դառնան հաշմանդամ կամ զոհվեն ծառայողական պարտականությունները կատարելիս:

Օրենսդրական փոփոխությամբ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում ծառայողի ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում ծառայողին կտրվի միանվագ դրամական օգնություն:

Դրամական օգնության չափը և վճարման կարգը կսահմանվի Կառավարության կողմից: Նոր կարգավորումները կգործեն մինչև 2027 թվականի հունվարի 1-ը: Օրենսդրական փոփոխությունը արդեն ստացել է ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Նշենք, որ էկոարեկային ծառայողները աշխատում են 24 ժամով։ Ծառայությունը պատասխանատվություն է սահմանում բնապահպանական իրավախախտումների, այդ թվում՝ ապօրինի ծառահատման, որսագողության, աղբոտման և այլ բնապահպանական խնդիրների վերահսկման համար: