
Երևանի 2024 թվականի բյուջեն թերակատարվել է, տուրքերը՝ բարձրացել
Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի վերաբերյալ «ԼՈՒՅՍ» հիմնադրամի վերլուծությունը ցույց է տալիս, որ տուրքերն ու վճարները բարձրացել են, ծախսերն էլ թերակատարվել են։
Բյուջեի եկամուտների ավելացման նպատակով իշխանությունները բարձրացրել են տեղական տուրքերն ու վճարները, այդ թվում՝ կայանատեղիների համար սահմանված վճարները։ Դրա հետևանքով հարկերի և տուրքերի ծավալն աճել է, սակայն ընդհանուր եկամուտները՝ ոչ։ 2024 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116.7 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից 1.6%-ով բարձր է, սակայն պակաս՝ հաստատված բյուջեի 6.4%-ից։
Հարկային մուտքերի հիմնական մասը ապահովվել է տեղական տուրքերի ու անշարժ գույքի հարկի աճի հաշվին, վերջինս 2024-ին 39.3%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Կայանատեղերի վճարները ևս զգալիորեն մեծացել են՝ ապահովելով տեղական վճարների 79.1% աճ։
Միևնույն ժամանակ, բյուջեի ծախսերը թերակատարվել են՝ կազմելով 113.7 մլրդ դրամ, ինչը 5.5%-ով պակաս է ճշտված պլանից։ Ֆինանսավորումը նախատեսվածի պես չի իրականացվել գրեթե բոլոր հիմնական ծրագրերով, այդ թվում՝ ենթակառուցվածքների, փողոցների ու այգիների բարեկարգման, կրթական հաստատությունների կառուցման ուղղություններով։
Մասնավորապես, «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2024-ին որևէ հատկացում չի կատարվել, չնայած քաղաքային իշխանության խոստումներին։ Նախադպրոցական հաստատությունների կառուցման ու վերանորոգման ծրագրի կատարողականը կազմել է ընդամենը 35%։
Չնայած պլանավորված 7.1 մլրդ դրամ բյուջետային պակասուրդին, տարեվերջին արձանագրվել է 3 մլրդ դրամի հավելուրդ, ինչը վկայում է պլանավորման և կառավարման համակարգի լուրջ խնդիրների մասին։