ՀայաստանՏնտեսություն

Կառավարությունը փոխում է խաղի կանոնները. հարկային արտոնությունները վերանում են  

Հայաստանում շինարարական, անշարժ գույքի, իրավաբանական ու հաշվապահական ոլորտներն այլևս չեն գործի արտոնյալ հարկային ռեժիմով։ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից՝ հետադարձ ուժով։  

Այս ոլորտների ընկերությունները կանցնեն ընդհանուր հարկային դաշտ՝ վճարելով ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) և շահութահարկ։ Ֆինանսների նախարարությունը վստահ է, որ այս փոփոխությամբ կրճատվելու է ստվերային տնտեսությունը, իսկ բյուջեի մուտքերը ավելանալու են շուրջ 13 մլրդ դրամով (մոտ 33 մլն դոլար)։  

Ավելի վաղ առևտրի ոլորտում շրջանառության հարկը 5%-ից դարձավ 10%, արտադրությունում՝ 3,5%-ից 7%, իսկ հանրային սննդի ոլորտում՝ 6%-ից 12%։  

Սակայն բիզնեսներին հնարավորություն է տրվել նվազեցնել այս տոկոսները՝ եթե վարեն թափանցիկ հաշվապահություն։ Այս դեպքում հարկային բեռը կարող է կրճատվել՝  

— առևտրի ոլորտում՝ մինչև 1%,  

— արտադրությունում՝ մինչև 3%,  

— հանրային սննդի ոլորտում՝ մինչև 6%։