Հայաստանը քննարկում է թուրքմենական գազի ներկրման հնարավորությունը
Հայաստանն ու Թուրքմենստանը բանակցում են Հայաստանի համար թուրքմենական գազ ձեռք բերելու շուրջ, որը կարող է Իրանի տարածքով հասնել մեր երկիր։ Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը՝ անդրադառնալով Երևանի և Աշխաբադի միջև տնտեսական համագործակցության քննարկումներին։
Հայաստանն ու Թուրքմենստանը բանակցում են 600 միլիոնից մինչև 1 միլիարդ խորանարդ մետր գազի գնման շուրջ, որը SWAP մեխանիզմով մուտք կգործի երկիր։ Իրանը տվել է համաձայնություն, սակայն գազի գնի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։
Աշխաբադն արդեն ներկայացրել է գնային առաջարկը, որը հայկական կողմին ընդունելի է թվում, սակայն էներգիայի կիրառման օպտիմալ սխեման դեռ հստակեցված չէ։
Քննարկվում է թուրքմենական նավթագազային ոլորտի տարբեր արտադրանքների ներկրում Հայաստան կամ երրորդ երկրներ։
Բացի այդ, դիտարկվում է նաև Հայաստանով դեպի Վրաստան թուրքմենական գազի տարանցման հնարավորությունը, ինչին Թբիլիսին նախնական դրական արձագանք է տվել։
Հայ-թուրքմենական համագործակցության այս նոր հնարավորությունները կարող են նշանակալի ազդեցություն ունենալ տարածաշրջանի էներգետիկ քարտեզի վրա։
