
Խաղաղության համաձայնագիր, Ղարաբաղյան շարժում․ ի՞նչ է ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցուպատասխանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծով որևէ զիջում չի արվել։
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանն արձագանքել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին՝ կա՞ արդյոք որևէ վտանգ Հայաստանի համար։ Վարչապետը շեշտել է, որ եթե հարցը դիտարկվի պատմական Հայաստանի տեսանկյունից, ապա ցանկացած համաձայնագիր կարող է զիջում համարվել, սակայն ներկայիս Հայաստանի ինքնիշխան տարածքի մասով ոչինչ չի զիջվել։
Հարցուպատասխանի ժամանակ վարչապետը վերահաստատել է նաև իր դիրքորոշումը՝ նշելով, որ Հայաստանը չպետք է շարունակի ղարաբաղյան շարժումը։
Ես դա հայտարարում եմ որպես Հայաստանի վարչապետ։ Եվ եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի այս դիրքորոշման հետ, այդ պահին կդադարեմ լինել վարչապետ,- ընդգծել է Փաշինյանը։
Նա նշել է, որ այս դիրքորոշումը ոչ միայն անձնական, այլև պաշտոնական է։ Փաշինյանի այս հայտարարությանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հակադարձել էր՝ ընդգծելով, որ ղարաբաղյան շարժումը սկսել է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ուստի Փաշինյանը չի կարող որոշել այն չշարունակելու հարցը։
Նիկոլ Փաշինյանը ասել է նաև, թե ինչու է Հայաստանի համար քննարկելի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը․
Հետևաբար, ինչո՞ւ ենք հետաձգում ՄԽ համանախագահության լուծարման որոշումը, որովհետև ուզում ենք համոզված լինել, որ ինչպես մենք ունենք քաղաքական որոշում, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, այնպես էլ Ադրբեջանում չկա որոշում, որ իրենք կսկսեն մի ուրիշ շարժում, օրինակ, Արևմտյան Ադրբեջանի շարժում, և այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու մասին է, այլ՝ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին,- պարզաբանել է Փաշինյանը
Հայկական կողմն Ադրբեջանի Սահմանադրության մեջ տարածքային նկրտումներ տեսնում է, սակայն, Բաքվի օրինակով, նույն՝ Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում, քանի որ համոզված է, որ բոլոր լուծումները Խաղաղության պայմանագրում են։ Առկա մտահոգությունները փարատելու լավագույն ձևը, ըստ Փաշինյանի, Խաղաղության համաձայնագիրը ստորագրելն է։