ՀայաստանՍնունդ

Շիրակի մարզում վտանգավոր կարագի արտադրությունը կասեցվել է

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գործող «ԱԱ Տրանզիտ» ընկերության արտադրած սերուցքային «Ավանդական» կարագը չի համապատասխանել անվտանգության պահանջներին։ Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ արտադրանքի մեջ առկա են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), որոնք կարող են վտանգավոր լինել սպառողների առողջության համար։

Արդյունքում՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է տվյալ տեսակի կարագի արտադրությունը՝ մինչև խախտումների վերացումը։

Աղիքային ցուպիկի խմբի մանրէները կարող են լուրջ առողջական խնդիրներ առաջացնել՝ հատկապես սննդի միջոցով օրգանիզմ ներթափանցելու դեպքում։ Դրանք հաճախ դառնում են սննդային թունավորումների պատճառ՝ առաջացնելով սրտխառնոց, փսխում, որովայնի ցավեր, լուծ և ջերմություն։ Մանրէները հիմնականում առաջանում և տարածվում են անհամապատասխան սանիտարահիգիենիկ պայմանների դեպքում։