
Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ
Մարտի 27-ի կառավարության նիստում ընդունվել է նոր օրենքի նախագիծ, որը նախատեսում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն։ Սա վերաբերում է այն դեպքերին, երբ գողությունը կատարվում է տրանսպորտային միջոցի դրսից։
Եթե օրենքը ընդունվի, ապա հանցագործություն կատարած անձը կպատժվի՝
— տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի չափով (20,000-50,000)
— հանրային աշխատանքներով՝ 150-ից 270 ժամ տևողությամբ,
— ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով,
— կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով,
— կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի և սարքավորումների գողությունները դարձել են լուրջ խնդիր: Այդպիսի հանցագործությունների աճը կապված է ինչպես տրանսպորտային միջոցների քանակի ավելացման, այնպես էլ դրանց գողությունը կատարելու հեշտությամբ: Ըստ ներկայիս իրավակարգավորումների, նման գողություններ կատարող անձինք պատժվում են տուգանքով, հանրային աշխատանքներով, ազատության սահմանափակմամբ կամ կարճաժամկետ ազատազրկմամբ: Հաճախ դատարանները չեն կիրառվում կալանավորում, հաշվի առնելով հանցանքի ոչ մեծ ծանրությունը:
Այսօր առավել հաճախ հանդիպում են դեպքեր, երբ մեղադրյալները շարունակում են կատարել նման հանցագործություններ, գտնվելով ազատության մեջ: Դրա համար առաջարկվում է բարեփոխում կատարել Հայաստանի քրեական օրենսգրքում: