Պատգամավորներ Տարոն Մարգարյանը և Հովիկ Աղազարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ ՔՊ-ն կողմ է քվեարկելու գլխավոր դատախազի միջնորդություններին՝ պատգամավորներ Տարոն Մարգարյանի և Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցում։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ 65 կողմ, 2 դեմ ձայնով Հովիկ Աղազարյանը, 67 կողմ, 0 դեմ ձայնով Տարոն Մարգարյանը զրկվեցից անձեռնմխելիությունից։
Խմբակցությունը քննարկեց և որոշում կայացրեց համաձայնություն տալ գլխավոր դատախազի միջնորդություններին և չխոչընդոտել արդարադատության իրականացմանը, — լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Կոնջորյանը։
Անձեռնմխելիությունից զրկվելուց հետո նրանց նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։
Տարոն Մարգարյանի գործը վերաբերում է քաղաքապետ եղած տարիներին Երևանի N185, 16 հիմնական դպրոցներին և N 64 մանկապարտեզներին պատկանող մոտ 7 հազար քառակուսի մետր հողերի ապօրինի օտարմանը, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն առնչվող հոդվածներին։
Հովիկ Աղազարյանը կասկածվում է խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։ Մասնավորապես՝ միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը Արաբական Միացյալ Էմիրություններ առանց կարանտին կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջն է: Ընդ որում՝ ընկերության տնօրենը 8 հազար դոլարով Աղազարյանի ընկերուհու համար մատանի ու հեռախոս է գնել: Մեկ այլ քրեական գործի շրջանակում Աղազարյանը կասկածվում է 23 հազար դոլար կաշառք ստանալու մեջ՝ Երևանի Աջափնյակ համայնքում վթարային դպրոցի շենքի կառուցապատման գործընթացում միջնորդելու խոստման դիմաց։
Պատգամավորները իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Հովիկ Աղազարյանը, մինչև այս դեպքերը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր էր, հետո սկսեց հանդես գալ որպես անկախ պատգամավոր։ Տարոն Մարգարյանը «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ է։
