
2025-ին գյուղատնտեսական ապահովագրության սուբսիդավորումը կհասնի 80%-ի
Կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում՝ ծրագրի հասանելիությունն ընդլայնելու և ոլորտի կայունությունն ապահովելու նպատակով։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ Իռա Փանոսյանը նշել է, որ 2025 թվականին ապահովագրավճարի սուբսիդավորումն ամբողջությամբ կիրականացվի պետական միջոցների հաշվին։ Եթե նախկինում սուբսիդավորումը կազմել է 50-60%, ապա նոր փոփոխությունների համաձայն այն կհասնի 70-80%-ի։ Եթե վնասաբերությունը գերազանցի 200%-ը, ապա այդ շեմից բարձր կորուստները նույնպես կփոխհատուցվեն պետական բյուջեից։
Գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը ներդրվել է 2019-ին, իսկ 2020-ից մեկնարկել է մշակաբույսերի ապահովագրությունը։ Տարիների ընթացքում ծրագիրն ակտիվորեն ընդլայնվել է․ 2023-ին կնքվել է 10,000 ապահովագրական պայմանագիր՝ 11,000 հա տարածք պաշտպանելու համար։ Այդ տարում գրանցվել է բարձր վնասաբերություն՝ 1.8 մլրդ դրամի ապահովագրավճարի դիմաց հատուցվել է 2.7 մլրդ դրամ։
Կլիմայական ռիսկերը շարունակում են մեծ ազդեցություն ունենալ։ Կարկտահարության, ցրտահարության դեպքերը զգալիորեն ավելացել են՝ վերածվելով կլիմայական աղետների։ Հետազոտությունների արդյունքում առանձնացվել են կարկտի ակտիվ գոտիներ՝ շուրջ 270 բնակավայր, որտեղ ապահովագրված հողատարածքների վնասման հավանականությունը զգալիորեն մեծ է։ Այս պայմաններում կառավարությունը հատուկ ծրագրեր է մշակում ռիսկերը մեղմելու համար, մասնավորապես՝ ինտենսիվ այգեգործությամբ զբաղվողներին տրամադրվում է սուբսիդիա՝ կարկտապաշտպան ցանցեր ձեռք բերելու համար, որի արժեքի մինչև 75%-ը կփոխհատուցվի պետության կողմից։