
Սյունիքի մարզում կայացել է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը
Մարտի 27-ին, Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Կապանի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Այս տարի մրցանակաբաշխությունը առաջին անգամ անցկացվեց Երևանից դուրս՝ Կապանում, Սյունիքի մարզպետի աշխատակազմի և «ԶՊՄԿ» ՓԲԸ աջակցությամբ, Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի 90-ամյակի շրջանակներում:
Մրցանակաբաշխության ընթացքում, շնորհակալագրեր և մեդալներ են հանձնվել Կապանի դրամատիկական թատրոնի դերասաններին, իսկ 2025 թվականի «Արտավազդ» մրցանակը հանձնվեց Կապանի Դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանին՝ թատրոնին նոր շունչ հաղորդելու և կամերային ներկայացումների փառատոնի հիմնումն ու զարգացումը գնահատելու համար:
Պատահական չէ «Արտավազդն» այսօր մեզ մոտ հյուրընկալելը։ Սյունիքը թատերական ավանդույթներով, թատրոնը սիրող ու գնահատող մարզ է, վկան՝ Կապանի դրամատիկական թատրոնի բուռն գործունեությունն ու 90-ամյա պատմությունը։
Թատրոնի հանդեպ սերը Կապանում փոխանցվել է սերնդեսերունդ, և այսօրվա թատրոնի կազմը ևս դրա ապացույցն է․ այստեղ միահյուսվում են ավագ սերնդի փորձը, ավանդույթներն ու տաղանդը և երիտասարդական նորարարությունը, նշել է Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը
«Արտավազդ» մրցանակաբաշխությունը ավանդաբար կազմակերպում է Հայաստանի թատերական գործիչների միությունը:
Տարբեր անվանակարգերում հատուկ «Արտավազդ» մրցանակի են արժանացել «Սասունցի Դավիթ» մոնոներկայացումը, «Խավարի առաքյալները», «Ազնավուր. ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով», «…իսկ դրսում ձյուն է գալիս» գործերը, «Սպանդի աստվածը», «Ռնգեղջյուր», «Փող։ Կիրք։ Իշխանություն», «Լակոտը» և այլ գործեր։