
Կիբեռհանցագործության ալիքը Հայաստանում. քաղաքացիները պարտքերի մեջ են առանց իրենց գիտության
Վերջին շրջանում Հայաստանում աճել են կիբեռհանցագործության դեպքերը, որոնց հետևանքով տասնյակ քաղաքացիներ մեծ ֆինանսական վնասներ են կրել։ Այսօր քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել «ID բանկի» դիմաց։ Բանկի ներկայացուցիչն ընդգծել է, որ խոսքը չի կարող լինել կիբեռհանցագործության մասին, քանի որ տվյալները գողացվել են ոչ թե բանկից, այլ քաղաքացիների անզգուշության հետևանքով։ Նրա խոսքով՝ խարդախները շահավետ առաջարկներով ստիպում են քաղաքացիներին ինքնակամ տրամադրել անձնական տվյալները, ինչից հետո նրանց անունով վարկեր են ձևակերպում։ Բողոքողները, սակայն, այս բացատրությամբ չեն բավարարվել և հայտարարել են, որ շարունակելու են պայքարել իրենց իրավունքների համար։
Էջմիածնի բնակիչ Անի Ավշարյանը պատմում է, որ 2024-ին ստացել է օնլայն վաճառքի աշխատանքի առաջարկ, որի համար պահանջել են միայն անուն, ազգանուն և հեռախոսահամար։ Կարճ ժամանակ անց նա հայտնաբերել է, որ կոտրել են իր «Իդրամ» հաշիվը, և նրա անունով ձևակերպվել է 360 հազար դրամի «Ռոքեթ Լայն» վարկ, որը հետագայում հասել է 440 հազարի։ Խարդախը հայտնաբերվել է, սակայն Ավշարյանը դեռևս չի ազատվել վարկային պարտավորություններից։
Նմանատիպ պատմություններով քաղաքացիներ պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով, որ բանկերը պատասխանատվություն կրեն իրենց խոցելիության համար։
Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի տվյալներով՝ 2023-2024 թթ. ընթացքում ստացվել է շուրջ 180 դիմում, որոնք վերաբերում են կիբեռխարդախություններին։ Դրանք հիմնականում կապված են քարտային տվյալների չարաշահման հետ։
Հաշտարարի գրասենյակը զգուշացնում է, որ խարդախները հաճախ ներկայանում են որպես ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցներ, ինչը ստիպում է քաղաքացիներին վստահել կեղծ առաջարկներին։ Մասնագետները հորդորում են քաղաքացիներին զգույշ լինել, չտրամադրել անձնական տվյալները և չմուտքագրել բանկային տեղեկատվությունը անհայտ հղումներով։