
Գյումրիի ՏԻՄ ընտրություններ. որ ուժն ունի առավելություն նախընտրական հարցման տվյալներով
Գյումրիում մարտի 30-ին սպասվող համայնքապետի ընտրություններին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Սարիկ Մինասյան) առաջատարն է։ Gallup International Association-ի հայաստանյան գրասենյակի անցկացրած հարցման արդյունքները վկայում են, որ ընտրարշավը բավականին սուր պայքարի մեջ է։
Հարցմանը մասնակցած քաղաքացիների 21.8%-ը նախընտրում է «Քաղաքացիական պայմանագիրը», իսկ երկրորդ տեղում գտնվող Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (Վարդան Ղուկասյան) ստացել է 18.3% աջակցություն։ Նրանց հետևում են «Մեր քաղաքը» դաշինքը (8.9%), «Մայր Հայաստան» դաշինքը (6.4%), «Իմ հզոր համայնք» կուսակցությունը (5.8%), «Եվրադաշինք»-ը (4.6%) և մի շարք այլ քաղաքական ուժեր։
Հարցվածների 10.6%-ը դժվարացել է պատասխանել, 11.6%-ը հրաժարվել է մասնակցել հարցմանը, իսկ 6.9%-ը հայտարարել է, որ չի պատրաստվում քվեարկել։
Հարցումն անցկացվել է մարտի 25-26-ը՝ 612 մասնակցով։ Ըստ ընտրական ցուցակների՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 112,160 քաղաքացի։ Քվեարկությունը կանցկացվի 82 ընտրատեղամասում։