ՀայաստանՔաղաքականություն

Գյումրիում ընդդիմադիր երկու ուժեր պատրաստ են սատարել Վարդան Ղուկասյանին

Գյումրիում ավագանու ընտրություններից հետո ընդդիմադիր դաշտում սկսվել է համախմբման գործընթաց։ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ու «Մեր հզոր համայնք» կուսակցության համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հայտարարել են, որ պատրաստ են աջակցել ընդդիմության կողմից ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին՝ Վարդան Ղուկասյանին։

Անդրանիկ Թևանյանը նշել է, որ ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն, որպեսզի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չկարողանա համայնքի ղեկավար ընտրել։

Իր հերթին, Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է, որ առանց նախապայմանների, առանց որևէ պաշտոնի հավակնելու պատրաստ է քվեարկել Հայաստանի Կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին։

Ըստ քվեարկության արդյունքների՝ որևէ քաղաքական ուժ չի կարողացել հավաքել 50+1 տոկոս՝ ինքնուրույն իշխանություն ձևավորելու համար։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանը ստացել է 16,938 քվե (36.21%), Վարդան Ղուկասյանը՝ 9,537 քվե (20.5%), «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ 7,296 քվե (15.5%), «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը՝ 3,659 քվե (8.8%), «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը՝ 2,844 քվե (6.11%)։