
ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը հրաժարվում է մանդատից Գյումրիում տեղի ունեցած միջադեպից հետո
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Սրա մասին նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում՝ նշելով, որ քաղաքական պատասխանատվության մշակույթն իր համար առաջնային է։
Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել ՀՀ ԱԺ պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ: Ըստ այդմ՝ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն և պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս,– գրել է Գաբրիելյանը:
Նա հայտնել է, որ դիմումը կհանձնի Ազգային ժողովի աշխատակազմին։ Պատգամավորը նաև նշել է, որ ինքնաառաջադրվում է ՔՊ վարչության ընտրություններում՝ որպես վարչության անդամի թեկնածու։ Նրա խոսքով՝ կուսակցությունն ունի առողջացման և կերպարանափոխման կարիք։
Մարտի 30-ին՝ Գյումրիի ավագանու ընտրության օրը, միջադեպ է գրանցվել լրագրողների և Վիլեն Գաբրիելյանի միջև։ Լրագրողներից մեկը պատգամավորից հարցրել է՝ եթե ՔՊ-ի թեկնածուն պարտվի, արդյո՞ք կտխրի։ Գաբրիելյանը պատասխանել է. «Կուրախանամ», ապա վիճաբանություն է սկսվել, և նա հայհոյել է լրագրողներից մեկին։
Միջադեպի պահին պատգամավորն ալկոհոլի ազդեցության տակ է եղել, իսկ երբ լրագրողները պահանջել են, որ հայհոյանքի համար ներողություն խնդրի և մանդատից հրաժարվի, նա պատասխանել է. «Մեկ է՝ 2026-ին իշխանությունը փոխվելու ա, խի՞ եմ ես մանդատս հիմա վայր դնում»։
Հավելենք նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը միջադեպի վերաբերյալ որևէ հայտարարություն չէր տարածել։