
Պարեկային ծառայության մեքենաները կարող են հագեցվել տեսախցիկներով
Պարեկային ծառայության մեքենաները, ճանապարհատրանսպորտային պատահարների, ամրագոտիների չկիրառման և այլ խախտումներից ելնելով, կարող են հագեցվել տեսախցիկներով։ Նոր տեսախցիկները թույլ կտան ընդլայնել վերահսկողությունը և խախտումները ֆիքսել ապացուցողական մակարդակով։
Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը նշել է, որ նախորդ տարի ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 6,5 տոկոսով։ Արձանագրվել է 4015 դեպք։
Ճանապարհային վթարների հիմնական գործոնը, ըստ Չիլինգարյանի, շարունակում է մնալ արագությունը, իսկ վրաերթերի հիմնական պատճառը հետիոտնի՝ ճանապարհը չթույլատրված վայրերում հատելն է։ Վթարները հաճախ տեղի են ունենում նաև մութ ժամերին, հատկապես վատ լուսավորված տարածքներում, ինչպես նաև ոչ սթափ վարորդների պատճառով։
Ամրագոտիների չկիրառումը ևս վթարների պատճառներից է։ 2024 թվականին ամրագոտիների խախտումների արձանագրումները 2023 թվականի համեմատ աճել են 2,5 անգամ։ Նա անդրադարձել է նաև հանդիպակաց գոտի դուրս եկող և թույլատրելի գծանշումները խախտող վարորդներին, քանի որ հենց այդ դեպքերում են գրանցվում ամենածանր հետևանքներով վթարները։