Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը կոչ է արել Դոնալդ Թրամփի վարչակազմին կատարել իր նախընտրական խոստումը
Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ հայ գերիների ազատությունը պետք է լինի ԱՄՆ աջակցությամբ խաղաղության պայմանագրի նախապայմանը։ Այս մասին նա հայտնել է CNA գործակալությանը:
Գենսերը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կատարել իր նախընտրական խոստումը և պաշտպանել հայ քրիստոնյաներին, որոնք վտանգված են խաղաղության գործընթացի անորոշության պատճառով:
«Մեր դիրքորոշումը սկզբից հստակ է եղել. հայ ռազմագերիների ազատումը պետք է լինի խաղաղության պայմանագրի քննարկման առանցքային պայմանը», – ասել է Գենսերը:
Չնայած պաշտոնական Երևանն ու Բաքուն հայտարարել են խաղաղության պայմանագրի կետերի շուրջ համաձայնության մասին, փաստաթուղթը դեռևս չի ստորագրվել։ Գենսերը նշել է, որ առանց գերիների ազատության հարցի կարգավորման խաղաղության համաձայնագիրը չի կարող ապահովել տարածաշրջանային կայունություն։
Վարդանյանին, ով պահվում է Բաքվում շինծու մեղադրանքներով, արգելել են ունենալ Աստվածաշունչ, ինչը փաստաբանը համարում է նրա քրիստոնյա լինելու պատճառով իրականացվող հետապնդման դրսևորում։ «Բացի այդ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման շարունակությունն է», – հավելել է նա։
Վարդանյանի դեմ ներկայացվել է 42 մեղադրանք, թեև նա երբեք զինվորական չի եղել։ Բանտում նա երկու անգամ հացադուլ է հայտարարել, վերջինը՝ 23 օր տևողությամբ, որի ընթացքում կորցրել է շուրջ 14 ֆունտ։
Գենսերը շեշտել է, որ Վարդանյանի պաշտպանությունը կապված է ոչ միայն նրա ազատության, այլև բոլոր հայ գերիների, Արցախի փախստականների իրավունքների և տարածաշրջանում կայուն խաղաղության հարցերի հետ։ «Բռնապետերը երբեք մեծահոգությամբ չեն ազատում քաղբանտարկյալներին, դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ նրանք ստիպված են լինում», – ընդգծել է նա՝ հավելելով, որ Թրամփի վարչակազմը պետք է լուրջ ճնշում գործադրի Ալիևի վրա։
Պետդեպարտամենտը, անդրադառնալով CNA-ի հարցմանը, նշել է, որ հետևում է իրավիճակին և կարևորում է բոլոր կալանավորված անձանց իրավունքների պահպանումը։
Գենսերը համոզված է, որ առանց հայ գերիների հարցի լուծման խաղաղության համաձայնագիրը չի կարող կայունություն ապահովել։ «Անորոշ կարգավիճակ ունեցող պայմանագիրը ապագա բախումների և նոր պատերազմի վտանգ է պարունակում», – եզրափակել է նա։
