
Գյումրիում Մարտուն Գրիգորյանը ձայն կտա Վարդան Ղուկասյանին
Մարտուն Գրիգորյանը հայտարարել է, որ 2 ձայն կտա Վարդան Ղուկասյանին, որպեսզի վերջինս Գյումրիի քաղաքապետ դառնա։ Այս մասին նա հայտարարություն էր տարածել իր ֆեյսբուքյան էջում և տեղեկությունը հաստատել էր նաև լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
Սիրելի գյումրեցիներ ու հայրենակիցներ, ես լավ գիտեմ ու հասկանում եմ՝ այս օրերին ամբողջ Գյումրին և հանրապետությունը լարված սպասում են իմ որոշմանը, որից կախված է Գյումրու և երկրում հետագա զարգացումներն ու տրամադրությունները։ ‹‹Մեր քաղաքը›› դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։
Նա նաև հիշեցրել է քարոզարշավի ժամանակ իր արած հայտարարությունները այն մասին, որ Վարդան Ղուկասյանը բավականին խոցելի թեկնածու է և կարող է հայտնվել քրեական հետապնդումների մեջ։
Այս վտանգների մասին այս ընթացքում ուղիղ կամ միջնորդավորված խոսել եմ, հատուկ զգուշացրել եմ մյուս թեկնածուներին, մասնավորաբար, Ռուբեն Մխիթարյանին ու Կարեն Սիմոնյանին։
Այս երկու թիմերը շատ լավ գիտենալով այս մասին՝ անհասականալի շտապողականությամբ հայտարարեցին իրենց քայլերի և տվյալ թեկնածուին սատարելու մասին, որով անհնարին դարձրեցին քննարկելու այլընտրանքային, քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը։
Իմ դիրքորոշմամբ, օրինակ՝ Ռուբենին կամ Կարենին կարող էինք ընտրել քաղաքապետ՝ 4 թեկնածուներիս համատեղ քննարկման և համագործակցության արդյուքնում։ Եվ սա կդառնար ամբողջական իշխանական համակարգի փլուզման իրական մեկնարկը։
Հիշեցնենք, որ Գյումրիի ավագանու ընտրություններում թեկնածուներից որևէ մեկը չէր հավաքել անհրաժեշտ ձայների քանակը։ Ավելի ուշ՝ ընդդիմադիր երկու ուժեր միավորվեցին Վարդան Ղուկասյանի շուրջ։ Վերջինիս՝ քաղաքապետի պաշտոնում ընտրվելը մեծապես կախված էր Մարտուն Գրիգորյանի դիրքորոշումից։ Արդեն կարելի է եզրակացնել, որ ընդդիմությունը հաղթեց նաև Գյումրիում։