
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԵՄ–ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է օրենքներ, որոնց թվում է նաև Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին փաստաթուղթը: Տեղեկությունը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
Ըստ հաղորդագրության՝ ապրիլի 4-ին նախագահը վավերացրել է «ՀՀ կառավարության և ՉԺՀ–ի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը, ինչպես նաև ՀՀ հարկային օրենսգրքում լրացումների և փոփոխությունների մասին օրենքները։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենսդրական նախաձեռնությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դա չի նշանակում անմիջական անդամակցություն, քանի որ այդ հարցը պետք է որոշվի հանրաքվեով: Նախքան դա, Հայաստանը պետք է մշակի համապատասխան գործողությունների ճանապարհային քարտեզ։ Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը չի հրաժարվում ԵԱՏՄ անդամակցությունից և շարունակում է խորացնել հարաբերությունները Իրանի հետ, սակայն միաժամանակ հաշվի է առնում հասարակության մի հատվածի ձգտումները նոր ընտրանքների ուղղությամբ։
Հայաստանի որոշումը ՌԴ-ում լուրջ արձագանք գտավ: Կրեմլից հայտարարեցին, որ անհնար է լինել և՛ ԵԱՏՄ, և՛ ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը գործընթացը որակեց որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ՝ համեմատելով այն «Տիտանիկի» տոմս գնելու հետ։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս ընդգծեց, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամակցությունները միմյանց չեն համատեղվում։
Հայաստանի Ազգային ժողովը մարտի 26-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել էր ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։