Հայաստանում մեկնարկել է 5G տեխնոլոգիայի ծածկույթի ընդլայնման նոր փուլը
Հայաստանում շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի տարածման ուղղությամբ իրականացվել է հերթական կարևոր քայլը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Վիվա Արմենիա» ընկերությանը 10 տարով տրամադրել է 2300-2400 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտ, որը հնարավորություն կտա զարգացնել 5G ցանցի ծածկույթը։
Ընկերությունը պետբյուջե է փոխանցել 2.5 միլիարդ դրամ։ Այս մասին հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Ըստ ներկայացված պարտավորությունների՝ առաջիկա երեք տարում մայրուղիների 98 տոկոսը պետք է ծածկվի շարժական ինտերնետով, որոնցից առնվազն 10 տոկոսը՝ 5G տեխնոլոգիայով։ Նույն չափանիշները կգործեն նաև ապագայում շահագործման հանձնվող նոր մայրուղիների համար։
Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Կապանում նախատեսվում է երեք տարում ապահովել 5G ծածկույթ բնակելի տարածքների առնվազն 20 տոկոսում։ Լիարժեք 5G կապով կծածկվեն նաև Ինժեներական քաղաքը, Զվարթնոց, Գյումրու և Կապանի օդանավակայանները, ինչպես նաև բոլոր գործող և նոր մաքսակետերը։
Հնգամյա ծրագրով նշված քաղաքներում 5G ծածկույթով պետք է ապահովվի բնակելի տարածքի 40 տոկոսը, իսկ Ակադեմիական քաղաքում՝ ամբողջ տարածքը։ Առաջիկա յոթ տարվա ընթացքում Հայաստանի բոլոր քաղաքային բնակավայրերի առնվազն 60 տոկոսը պետք է ունենա 5G հասանելիություն։
Ըստ նախարարի՝ այս որոշումը նշանավորում է Հայաստանի թվային զարգացման նոր փուլը։
