ՀայաստանՍոցիալական

Երևանում օդի որակը լավանում է

2024 թվականին Երևան քաղաքում նվազել է փոշու աղտոտվածության մակարդակը համեմատած նախորդ տարիների։ Եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում ամենաբարձր փոշու մակարդակը գրանցվում էր Երևան քաղաքում, ապա 2024 թվականին արդեն մայրաքաղաքում նվազել է ցուցանիշը և չորրորդն է։ Սրա մասին նշվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։

Նիստում խոսվել է, որ խնդիրը սրվում է ձմռան ամիսներին, երբ աղտոտման մշտական աղբյուրներին ջեռուցման սեզոնի ժամանակ ավելանում են նորերը։ Քաղաքի աշխարհագրական դիրքն էլ թույլ չի տալիս արագ օդափոխանակություն ձմռանը։ Քիչ են նաև կանաչ տարածքները։

Շինհրապարակներում տեղադրված ավելի քան հարյուր սարքերից օդի որակի ինդեքսի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 91, իսկ PM10-ի համար կազմել է 37։ Քաղաքապետարանը օդի որակի խնդիրները վերացնելուն միտված քառամյա միջոցառումների ծրագիր ունի։ Բնապահպանության վարչության պետի տեղակալը նշեց Շրջակա միջավայրի նախարարությունը նույնպես մթնոլորտային օդի պահպանությանը վերաբերող համալիր միջոցառումների ծրագիր է մշակել։ Այն համահունչ է առաջարկած ռազմավարությանը։