
Կալանավորվել են թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները
ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ։ Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ հանցավոր խումբը զբաղվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ, ապօրինի պահմամբ և իրացմամբ։
Հետաքննությամբ պարզվել է, որ խմբի անդամները նախնական համաձայնության են եկել Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացիների հետ՝ ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու և իրացնելու վերաբերյալ։ Նրանք ձեռք են բերել «մարիխուանա» տեսակի 3,5 կգ և «մեթամֆետամին» տեսակի 2,9 կգ թմրամիջոց պարունակող փաթեթներ։
Ա.Խ.-ն թմրամիջոցների փաթեթները թաքցրել է մաքսային հսկողությունից և ՀՀ տեղափոխել՝ խախտելով սահմանային արգելքը։ Դրանից հետո, դրանք շահադիտական դրդումներով պահել է թաքստոցում՝ հետագա իրացման նպատակով։ Նա լուսանկարել է թմրամիջոցների պահման վայրերը, կից ավելացրել աշխարհագրական տեղորոշումները և ուղարկել Իրանից գործող խմբի անդամ Ա.Հ.-ին՝ «WhatsApp» հավելվածով։
Վերջինս անմիջապես հետո կալանավորվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Վերջին օրերին հատկապես ավելացել են մեծ քանակությամբ թմրամիջոցների պահման վերաբերյալ դեպքերի բացահայտումները։ Ապրիլի 8-ին հայտնել էինք, որ կանխվել էր շուրջ 12 կգ թմրանյութի մաքսանենգությունը։