
Արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կգործի
Արցախից բռնի տեղահանված մարդիկ, ովքեր ապրիլի 1-ից այլևս չեն ստանում 40 000+10 000 դրամի աջակցությունը, կարող են նոր տեսակի օգնություն ստանալ։ Սրա մասին հայտնել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքերով՝ նոր ծրագիրը նախատեսում է աջակցություն միայն այն ընտանիքներին, ովքեր իրականում դրա կարիքն ունեն։ Որոշելու համար՝ ով ունի դրա կարիքը, կդիտեն ընտանիքի ընդհանուր եկամուտները։ Այդ գումարները կբաժանվեն ընտանիքի անդամների վրա, ու եթե պարզվի, որ մարդը քիչ եկամուտ ունի, կստանա օգնություն։
Այն ընտանիքները, որոնք լրացուցիչ դրամական աջակցության կարիք ունեն, կօգտվեն մեկ այլ աջակցությունից։ Մեկ անձի հաշվով միջին եկամուտների փաստացի չափից ելնելով կընտրվեն ընտանիքները։ Մենք գիտենք, որ մարդիկ աշխատում են, օգտվում են կառավարության այսպես կոչված «40+10» ծրագրից` շարունակելով ստանալ անչափահասների, թոշակառուների և հաշմանդամների հաշվով։ Բոլոր այդ եկամուտների հանրագումարը մեկ մարդու հաշվով կվերահաշվարկվի, Միասնական սոցիալական ծառայությունը դիմում կընդունի, կտեսնի, որ ընտանիքը լրացուցիչ աջակցության կարիք ունի, այդ ժամանակ դա տեղի կունենա,– ասել է փոխվարչապետը։
Հիշեցնենք՝ ապրիլի 1-ից «40+10» դրամական ծրագիրը դադարեցվել է աշխատունակ արցախցիների համար։ Սա դժգոհություն է առաջացրել, ու մարտի 29-ին արցախցիները հավաքվել էին Ազատության հրապարակում։ Նրանք պահանջագիր էին ներկայացրել կառավարությանը։
Խաչատրյանը պատմել է նաև, որ արցախցիների հետ երկու հանդիպում են ունեցել։ Քննարկել են հիմնականում սոցիալական խնդիրները։ Նա ասել է, որ եթե պետք է ժամանակ՝ առաջարկները ուսումնասիրելու և լուծումներ գտնելու համար, ապա կառավարությունը պատրաստ է աջակցությունը երկարաձգել ևս մեկ ամսով։ Բայց հստակ նշել է՝ նախկին «40+10» ծրագրին վերադառնալու հարց չկա։
Արդյոք ճիշտ է 50 000 դրամ տալ մի մարդու, ով ամսական 400 000 դրամ աշխատավարձ է ստանում։ Մենք ուզում ենք օգնություն տալ միայն նրան, ով իրոք դրա կարիքն ունի,– նշել է Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում պայքարող արցախցիներին՝ փոխվարչապետը խոստովանել է, որ գնահատական տալ չի ուզում, բայց կարծում է, որ նրանց բոլոր պահանջները միանշանակ ազնիվ չեն։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023-ի սեպտեմբերից հետո Արցախից Հայաստան է եկել ավելի քան 115 000 մարդ։ Նրանցից մոտ 4400-ը արդեն ստացել են Հայաստանի քաղաքացիություն։