ՀայաստանՍպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը չի պատրաստվում հեռանալ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բարդ փուլում է հայտնվել, որի հաղթահարման համար առաջիկա տարիներին լուրջ աշխատանք է պահանջվելու։ Սրա մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ արձագանքելով իր շուրջ ստեղծված աղմուկին։

Նա վստահեցրեց, որ իր հրաժարականը պահանջող ձայները հիմնավորված չեն։ Ըստ Մելիքբեկյանի՝ իրեն ուղղված քննադատությունները մանիպուլյատիվ են, և դրանց հիմքով հրաժարական չի տալու։

Կարող ենք հակադարձել ֆեդերացիայի նախագահի այս հայտարարությանը, քանի որ հենց ՀՖՖ փոխնախագահը նախորդ տարի Fast TV հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, որ հավաքականի նոր մարզիչը կլինի արտասահմանցի ու երիտասարդ։ Սակայն, թիմի ղեկը ստանձնած նիդերլանդացի Ջոն վան’տ Սխիպը 61 տարեկան է և մարզչական հաջողություններ չի գրանցել։

Անդրադառնալով ազգային հավաքականի ձախողումներին՝ Մելիքբեկյանը շեշտեց, որ ՀՖՖ-ի աշխատանքը չի կարելի գնահատել միայն խաղերի արդյունքներով։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին կատարվել են ներդրումներ ֆուտբոլում, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ մրցաշարերում, ինչպես նաև փախստականների հավաքականի զարգացման ուղղությամբ։ Բացի այդ, ՀՖՖ-ն պետական բյուջե է վճարել շուրջ 1 միլիարդ դրամ հարկ։

Նախագահը հերքեց նաև իր աշխատավարձի վերաբերյալ տարածված տեղեկությունները։ Մամուլում շրջանառվող` 20 հազար դոլարի մասին լուրը, ըստ Մելիքբեկյանի, սուտ է։ Նա հորդորեց լրագրողներին ծանոթանալ UEFA-ի պաշտոնական տվյալներին։ Ըստ պաշտոնական վերջին տվյակների՝ 2023 թվականին UEFA գործկոմի սովորական անդամները տարեկան ստացել են մոտ 178,000 ԱՄՆ դոլար, ինչը նշանակում է ամսական միջինը մոտ 14,800 դոլար՝ ներառյալ հարկերը։

ՀՖՖ նախագահի խոսքով՝ իրենց հիմնական նպատակը 2029 թվականին ֆուտբոլի երիտասարդական աշխարհի առաջնությունն անցկացնելն է՝ Վրաստանի հետ համատեղ։ Այս հայտի վերաբերյալ որոշումը կկայացվի 2025-ին։ Սակայն մինչև այդ անհրաժեշտ է լուծել ենթակառուցվածքների խնդիրները։

Մելիքբեկյանը նաև կարծիք հայտնեց, որ ՀՖՖ-ն չպետք է զբաղվի ֆուտբոլային ակադեմիաների գործունեությամբ։ Ըստ նրա՝ մարզիկների պատրաստման ողջ պատասխանատվությունը պետք է ստանձնեն ակումբները։