
Արման Անդրեասյանը և Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը վերադարձել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող Եվրոպայի առաջնությունից։
70 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Անդրեասյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն։ Մրցաշարը սկսելով որակավորման փուլից՝ Անդրեասյանը վստահ հաղթանակներ է տարել Լեհաստանի (10:0), Ուկրաինայի (4:0) և Վրաստանի (3:1) ներկայացուցիչների նկատմամբ։ Եզրափակչում նա գոտեմարտել է աշխարհի նախկին չեմպիոն Դավիդ Բաևի հետ և 4։1 հաշվով պարտվել՝ նվաճելով արծաթե մեդալ։
Հայաստանի հավաքականի առաջատար, Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն (61 կգ) նույնպես փոխչեմպիոն է դարձել։ Նա մրցել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Զավուր Ուգուևի հետ ու զիջել 7:5 հաշվով: Մինչ այդ նա առավելության էր հասել Բելառուսի (11։0), Մոլդովայի (12։2) և Ալբանիայի (5։2) ներկայացուցիչների նկատմամբ։ Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն էր դարձել 2019, 2022, 2023, 2024 թվականներին։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ), ով Եվրոպայի չեմպիոն է և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, այս անգամ ևս դուրս է եկել մրցանակային եռյակ։ Բրոնզե մեդալի համար նախատեսված գոտեմարտում Վրաստանի ներկայացուցիչ Գոգա Օտինաշվիլին չի ներկայացել, և հաղթանակը շնորհվել է հայ ըմբիշին։
Մյուս հայ ըմբիշներից Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) սփոփիչ գոտեմարտերում պարտվել են իրենց մրցակիցներին։ Իսկ Նարեկ Հարությունյանը (74 կգ) և Հայկ Պապիկյանը (79 կգ) պարտություն են կրել մեկնարկային փուլում և լքել մրցաշարը։