
«Խելացի» անասնագոմերին տրամադրվող գումարն ավելացել է, սակայն կենդանիների գլխաքանակը՝ նվազել
Ապրիլի 10-ին կայացած Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «խելացի» անասնաշենքերի կառուցման պետական ծրագիրը, որը մեկնարկել էր 2019-ին, արդյունավետ չի գործում։
Նիստին ներկայացված էր ծրագրի փոփոխությունների նոր նախագիծ, որը զեկուցեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Վարչապետը հետաքրքրվեց՝ նախորդ տարիներին ծրագիրը ինչ արդյունք է տվել։
Փոխնախարարի խոսքով՝ 2019-ից մինչ օրս նախարարությունը ստացել է 413 դիմում, սակայն միայն 103 դեպքով են պայմանագրեր կնքվել, և կառուցվել է 58 անասնաշենք։ Բացի այդ, Հայաստան է ներմուծվել 2,400 տոհմային խոշոր եղջերավոր։
Խոջոյանը հայտնեց, որ այս ընթացքում անասնագոմերի փոխհատուցման համար պետական աջակցությունն կազմել է 925 միլիոն դրամ, իսկ տոհմային կենդանիների սուբսիդավորման ծրագրով՝ շուրջ 598 միլիոն դրամ։
Փաշինյանը նշեց, որ կառավարության պատկերացումն այս արդյունքները չէին։ Նրա խոսքով՝ չնայած կառուցված 58 անասնաշենքին, ծրագրի արդյունավետությունն ակնհայտորեն ցածր է․
Չորս տարում 925 մլն դրամի ներդրում է եղել, ինչը վկայում է, որ ծրագիրը չի աշխատում,- ասաց վարչապետը։
Խոջոյանի խոսքով՝ նոր նախագծով վերանայվելու է փոխհատուցման շեմը՝ փորձելով վերագործարկել ծրագիրը նոր մեխանիզմներով։
Հայաստանում անասնագոմերի պետական աջակցության գումարը մեծացել է, սակայն դրան զուգահեռ նվազել են խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը։ 2020 թվականի հունվարի համեմատ՝ 2024 թվականին հունվարին գլխքանակը կրճատվել է շուրջ 17․8 %-ով։ Եթե 2020 թվականին գլխքանակը կազմում էր 579․300, ապա հիմա 491․600 է։
Վերջին 5 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշը եղել է 2021 թվականին։ Այդ տարվա ընթացքում գլխքանակը կազմել է 613․400։
Խոշոր եղջերավոր կենդանիների գլխքանակը վերջին 5 տարիներին․
2020 թվական — 579․300
2021 թվական — 613․400
2022 թվական — 559․600
2023 թվական — 501․900
2024 թվական — 491․600