
Ամուլսարի հանքի շահագործումը կսկսվի ընթացիկ տարվա վերջին
Ամուլսարի ոսկու հանքը կվերաբացվի և կսկսի շահագործվել 2025 թվականի վերջում։ Արդյունքում Հայաստանը կկարողանա ոսկի արդյունահանել։ Այս մասին հայտնել է «Լիդիան Արմենիա» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը՝ Երևանի պետական համալսարանում կայացած հանդիպման ժամանակ։
Ըստ Ալոյանի՝ ՀՀ կառավարությունը պետական երաշխիք է տրամադրել՝ աջակցելով ծրագրին, և գարնանը կվերսկսվեն շինարարական աշխատանքները։ Նախատեսվում է ներդնել 250 միլիոն դոլար, որոնցից 150 միլիոնը՝ տեղական բանկերի, մյուս մասը՝ ընկերության միջոցով։
«Լիդիան Արմենիա»-ն նախատեսում է դառնալ ՀՀ խոշորագույն հարկատուներից մեկը՝ տարեկան վճարելով մինչև 120 միլիոն դոլարի հարկ։ Հանքի շահագործումով կստեղծվեն 750 ուղղակի և շուրջ 4000 անուղղակի աշխատատեղեր։ Ընկերությունը պարտավորվել է իրականացնել նաև սոցիալական ծրագրեր՝ աջակցելով հանքին հարակից երեք համայնքներին՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։
Անդրադառնալով բնապահպանական հարցերին՝ Ալոյանը վստահեցրել է, որ ծրագիրը ենթարկվել է բազմաթիվ ստուգումների, ինչպես նաև անցկացվել է շրջակա միջավայրի ազդեցության գնահատում՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
ԵՊՀ-ում կազմակերպված միջոցառման ընթացքում Ալոյանը ներկայացրել է հանքարդյունաբերության վերաբերյալ զեկույց և կատարել երեք հիմնական շեշտադրում՝
1․ Խթանել երկխոսությունը երկրաբանության ոլորտում՝ պարզելու մետաղների պահանջարկը առաջիկա 5-10 տարիների ընթացքում։
2․ Հզորացնել արդյունաբերական ներուժը՝ առկա հանքային հումքի միջոցով ավելացված արժեք ստեղծելու համար։
3․ Ուշադրություն դարձնել տեխնոլոգիական զարգացումներին ու սերունդների ապագային՝ խթանելով եղած հանքավայրերի շահագործումը։