ՀայաստանՊատահար

Երևանում փրկարարները մարել են երեք տների տանիքներում բռնկված հրդեհը

Ապրիլի 12-ին՝ ժամը 01։40-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Դեպքի վայր են մեկնել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ջրատար։ Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի թաղի 5-րդ փողոցի երեք տների տանիքներում՝ ընդհանուր 150 քմ մակերեսով։ Այրվել են տանիքների փայտե կառուցատարրերը, ինչպես նաև տներից մեկի բակում կուտակված տախտակները։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։27-ին, իսկ մարվել՝ 02։59-ին։
Դեպքի վայրում աշխատել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի աշխատակիցները, ովքեր սահմանազատել են տարածքը։

Հրդեհի պատճառը պարզվում է։