ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Անիի կամրջի վերականգնման հարցը․ դիվանագիտական նոր խորամանկություն թե բարի կամքի դրսևորում

Հայաստանն ու Թուրքիան շարունակում են քննարկումները Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ։

Նրա խոսքով՝ շփումներ արդեն տեղի են ունեցել Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ, սակայն հաջորդ հանդիպման հստակ ժամկետը դեռևս համաձայնեցված չէ։

Ադրբեջանցի լրագրողների այն հարցին, թե արդյոք Թուրքիան Հայաստանին Սահմանադրության փոփոխության պահանջ է ներկայացրել, Քըլըչը հստակ պատասխան չի տվել՝ նշելով. որ «Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել նաև Նիկոլ Փաշինյանը։ Այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխությունները իր Սահմանադրության մեջ»։

Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման մասին՝ Քըլըչն ասել է, որ չգիտի, թե դա երբ կլինի։

Հիշեցնենք, որ Անթալիայում Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպում են ունեցել։ Ռուբինյանը X սոցիալական հարթակում տեղեկացրել է, որ ունեցել են լավ քննարկում։

Անիի կամրջի վերականգնման շուրջ երկխոսությունը սկսվել էր դեռևս 2023 թվականին։ Քըլըչը տեղեկացրել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպում։