ՀայաստանՍոցիալական

Վեդիի ջրամբարը հանձնվել է շահագործման

Արարատի մարզում վերջապես ավարտվել են Վեդիի ջրամբարի կառուցման աշխատանքները։ Այն հանձնվել է շահագործման։ Ջրամբարը կկարողանա պահել 29,3 մլն խմ ջուր, ինչը թույլ կտա ինքնահոս եղանակով ոռոգել Արարատի մարզի 3220 հա հողատարածքները։ Արդեն պատրաստ է շահագործման 580 հա ոռոգման ցանց։

Արարատի մարզի ութ համայնքները, որոնք ոռոգվելու են Վեդիի ջրամբարից, հետևյալն են․ Ուրցաձոր, որը ներառում է Շաղափ և Լանջանիստ համայնքները, Ավշար, Դաշտաքար, Գոռավան, Փոքր Վեդի, Նոյակերտ, Այգեվան և Արարատ:

Մոտ 90 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվել է Զարգացման ֆրանսիական գործակալության և Հայաստանի կառավարության կողմից:

Սա անկախության տարիներին կառուցված առաջին խոշոր ջրամբարն է Հայաստանում։ Դրա գործարկման ժամկետը մի քանի անգամ հետաձգվել է։ Ի սկզբանե այն պետք է շահագործման հանձնվեր 2022 թվականին։

Վեդու ջրամբարը կառուցվում է Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա, այն լցնելու ջրաղբյուր է հանդիսանալու Վեդի և Խոսրով գետերի՝ գարնանային ամիսների վարարային/ազատ հոսքը:

Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցմամբ ջրամբարի իշխման տակ կորուստները կկրճատվեն 20-25%-ով, կնվազի Սևանա լճից ոռոգման նպատակով ջրապահանջարկը, ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 300 հա-ով, կբարձրացվի մշակաբույսերի բերքատվությունը, էլեկտրաէներգիայի տարեկան տնտեսումը կկազմի մոտ 19.0մլն կվտ/ժամ։