ՀայաստանՍոցիալական

Սյունիքում մեկնարկել է էկոպարեկային ծառայությունը

Սյունիքի մարզի անտառները նոր պահապաններ ունեն։ Կապանում պաշտոնապես գործարկվել է էկոպարեկային ծառայությունը, որը 24/7 ռեժիմով կհսկի մարզի բնությունը՝ կանխարգելելով ապօրինի անտառահատումները, որսագողությունը ու այլ բնապահպանական խախտումները։

Սյունիքում արդեն վերանորոգվել են երեք տեղամասեր՝ Կապանում, Գորիսում և Շվանիձորում։ Բացի նորացված տարածքներից, ծառայությունը համալրվել է նաև հատուկ տեխնիկայով, գույքով ու զինամթերքի պահասենյակներով։ Այս ամենի համար կառավարությունը հատկացրել է շուրջ 70 միլիոն դրամ:

Ըստ նախարարության՝ Սյունիքում ծառայության համար կընդգրկվեն 184 էկոպարեկներ։ Նրանք հերթափոխելու են 12-ժամյա գրաֆիկով։ Յուրաքանչյուր շարժակազմում լինելու է երկու աշխատակից:

Էկոպարեկները լիազորված կլինեն արձանագրել բնապահպանական խախտումները, վարույթ սկսել, տուգանքներ նշանակել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կիրառել ֆիզիկական ուժ։ Նրանք հագեցած կլինեն ժամանակակից սարքավորումներով՝ արագ արձագանքելու և արդյունավետ վերահսկելու համար։

Ծառայության ստեղծումը նշանավորվեց Կապանում տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց՝ շուտով էկոպարեկային ծառայություններ կձևավորվեն բոլոր մարզերում։

Հիշեցնենք՝ շրջակա միջավայրի պահպանության այս նոր մոդելը հաստատվել էր կառավարության կողմից դեռ 2023-ի նոյեմբերին։