ՀայաստանՔաղաքականություն

Արարատ Միրզոյան-Հաքան Ֆիդան հանդիպում. ի՞նչ կարող է թաքնված լինել պաշտոնական լռության հետևում

Ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում կայացած Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Հաքան Ֆիդանի հանդիպումը, թեև հրապարակայնորեն ներկայացվեց որպես հերթական աշխատանքային քննարկում, իրականում կարող է ունենալ ավելի խորքային նշանակություն։ Թեև Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ կետերն ու միջազգային զարգացումները, այս ձևակերպումն իր մեջ կարող է պարունակել մի շարք կարևոր, բայց չհրապարակվող հարցադրումներ։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելուց հետո առաջին անգամ պաշտոնական Երևանը Անկարայի հետ հանդիպում ունեցավ։ Թուրքիան, լինելով Ադրբեջանի հիմնական ռազմաքաղաքական գործընկերը, շահագրգիռ է մնում վերահսկել և ներգրավված լինել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում, այդ թվում՝ հնարավոր սահմանազատման հարցերում։

Չնայած պաշտոնական հայտարարությունները «չեզոք» էին, չի բացառվում, որ քննարկվել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների հնարավոր բացման մասին փուլային քայլեր։ Ի դեպ, ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ հանդիպել էին նաև Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ու Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը։ Նրանք քննարկել էին Անիի կամրջի հարցը։ Սահմանների հնարավոր բացման հարցն արդեն տասնամյակներ շարունակ Թուրքիան պայմանավորում է հայ-ադրբեջանական կարգավորմամբ, իսկ Հայաստանը փորձում է այս ուղին չկապել երրորդ կողմի հետ։

Թուրքիան փորձում է միջնորդի դեր ստանձնել մի քանի ուղղություններով։ Հայաստանի ու Թուրքիայի միջև կայուն հարաբերությունները լծակ կարող են դառնալ Անկարայի համար՝ հատկապես Արևմուտքի հետ բանակցություններում։ Հետևաբար, Ֆիդանը կարող է փորձել համոզել Երևանին Ռուսաստանից «կախվածությունը» նվազեցնելու հարցում։

Թուրքիայի հետ սահմանները բացելու համատեքստում նշենք, որ արդեն հանվել է օդային բեռնափոխադրումների արգելքը, իրականացվում են ուղիղ չվերթներ, իսկ ձեռք բերված համաձայնությամբ՝ առաջին փուլում նախատեսվում է սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող հայ և թուրք քաղաքացիների համար։ Սակայն այս պայմանավորվածությունը դեռևս ուժի մեջ չի մտել։ Սահմանը Թուրքիայի հետ Անկարայի որոշմամբ փակ է արդեն 34 տարի։