ՀայաստանՊատահար

Գիշերը Մաշտոցի պողոտայում կրակել են տղամարդու ճակատին

Ապրիլի 14-ին, կեսգիշերից հետո՝ ժամը 01:50-ի սահմաններում, ոստիկանությունն ահազանգ է ստացել Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ։

Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները առաջին բուժօգնություն են ցուցաբերել «Cadillac» մակնիշի ավտոմեքենայում գտնվող տղամարդուն, որը հրազենային վնասվածք է ստացել գլխի ճակատային հատվածում։ Վերջինս տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ըստ նախնական տվյալների՝ կրակոցները տեղի են ունեցել Մաշտոցի պողոտայի 15-րդ շենքի մոտ։ Տուժել են նաև կայանված «Cadillac» և «Jeep» մակնիշի մեքենաները, որոնց վրա հայտնաբերվել են վնասվածքներ։

Ոստիկանությունը դեպքի վայրից մոտ 20-30 մետր շառավղով հայտնաբերել է ավելի քան տասը պարկուճ, չորս գնդակ, ինչպես նաև արնանման հետքեր։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ կատարվածի առթիվ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի զենքի շրջանառության հոդվածներով։ Նախաքննությունը շարունակվում է։