ՀայաստանՌազմական

Ադրբեջանը կրակել է Խնածախի ուղղությամբ

Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ կրակոցների հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը։ Տուժածներ չկան։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը կոչ է արել ադրբեջանական կողմին հետաքննել միջադեպը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում բնակիչները արձանագրում են ադրբեջանական կողմի չդադարող կրակոցները։

Բացի այդ՝ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Մինչ այդ՝ Հայաստանի ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը չէր հստակեցրել սահմանային կրակոցների մասին լուրերը։

ՊՆ-ն նաև հիշեցրել է Երևանի՝ ավելի վաղ արված առաջարկը՝ ստեղծել Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և այդ մասին տեղեկությունների հետաքննության համար։ Ադրբեջանը մինչ այժմ չի արձագանքել այս նախաձեռնությանը։